Պուտինի խոսքից մի քանի ժամ անց. որոշումներ Երևանում

ՀԱՊԿ վեհաժողովում ՌԴ նախագահ Պուտինի հայտնի խոսքից մի քանի ժամ անց Հայաստանում եղան ուշագրավ որոշումներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում: Կառավարությունը հայտարարեց ռազմական դրության սահմանափակումները վերացնելու մասին, այդ թվում՝ քաղաքական գործունեության զանգվածային միջոցառումների սահմանափակումները:

Հատկանշական է, որ սահմանափակումները վերացնելու որոշման մասին կառավարությունը հայտարարում է ՀԱՊԿ վեհաժողովին զուգահեռ, որի ընթացքում հնչեց Պուտինի խոսքը: Նա, դիմելով ՀԱՊԿ ղեկավարներին, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը արցախյան հարցում ստանձնել է բարդ և խիզախ որոշման պատասխանատվություն, դրսևորել է անձնական խիզախություն այդ հարցում, և իրենց խնդիրն է աջակցել Փաշինյանին ու նրա թիմին:

Հասկանալի է, որ սահմանափակումները չէին կարող մնալ հավերժ, եթե պատերազմը դադարել է, բայց արդյոք պատահակա՞ն է, որ Պուտինի հենց այդ հայտարարությունից ժամեր անց է կառավարությունը հայտարարում սահմանափակումները հանելու որոշման մասին: Պուտինը ներքաղաքական առնչությամբ վստահությո՞ւն է հաղորդել Հայաստանի կառավարությանը:

Միաժամանակ հատկանշական է, որ ընդդիմությունն էլ՝ 17-ի ձևաչափը, հայտարարել է դեկտեմբերի 5-ին մեծ, համապետական հանրահավաք անելու մասին: Իսկ այսօր հայտնի է դառնում 17-ի ձևաչափի վարչապետի միասնական թեկնածուի անունը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը հայտնվել է բավականին հակասական վիճակում: Պուտինի բավականին բաց հայտարարությունից հետո գնալ Փաշինյանի դեմ՝ նրան հեռացնելու պահանջով, նշանակում է գնալ Պուտինի դեմ:

Հնարավոր է, իհարկե, որ ՌԴ նախագահը խաղում է երկակի խաղ: Այսինքն՝ մի կողմից՝ հավաստիացնում է Հայաստանի վարչապետին, որ նրա կողքին է, մյուս կողմից՝ ոչնչով չի խանգարի ընդդիմությանը, եթե այն կարողանա հասնել հաջողության և Փաշինյանին պարտադրել հրաժարական:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի դիրքորոշումը անշուշտ պայմանավորված կարող է լինել թե՛ Հայաստանի ներքին տիրույթում, թե՛ արցախյան հարցի վերաբերյալ համաձայնությունների կծիկում առկա մի շարք հանգամանքներով:

Մասնավորապես, ՌԴ նախագահը խոսում է այն մասին, որ Փաշինյանին պետք է աջակցել խաղաղ կյանքի վերադառնալու և որոշումները իրագործելու հարցում: Ինչ որոշումների մասին է խոսքը՝ հանգամանալից պարզ չէ: Միաժամանակ հասկանալի է նաև, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ռեգիոնալ լայն շարժերի փաստաթուղթ է, իսկ այդ շարժերը ենթադրում են ոչ միայն գրված, այլ նաև դիտարկվող հնարավոր սցենարներ ու զարգացումներ:

Այդ դեպքում նշանակո՞ւմ է դա արդյոք, որ դրանք դեռ ենթադրելու են նաև Հայաստանի համար դարձյալ խիզախություն պահանջող որոշումներ, և քանի որ Փաշինյանը թաթախվել է, ապա ՌԴ նախագահը մինչև վերջ էլ դիտարկում է շագանակներ հանել նրա ձեռքով: Բայց դա էլ իր հերթին նշանակում է, որ չնայած աջակցության հայտարարությանը՝ Պուտինը հայաստանյան ընդդիմությանը պետք է որ տա առավել մտահոգվելու և հետևաբար Փաշինյանին հեռացնելու հարցում առավել աշխույժ լինելու մոտիվացիա:

Եթե իհարկե հայաստանյան ներքաղաքական կյանքում իրավիճակը այնպիսին է, որ գլխավորը շարժիչ ուժը «ինչ է պետք Հայաստանին», ոչ թե օրինակ՝ «ինչ է պետք Պուտինին» տրամաբանությունն է:

Այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե իրավիճակի զարգացման ինչ հայեցակարգ է ներկայացնելու Վազգեն Մանուկյանը՝ կապված նոյեմբերի 9-ի համաձայնագրի ոչ միայն տառի, այլև տրամաբանությունից բխող իրողությունների հետ, օրինակ՝ կապված Ադրբեջանի, այսպես ասած, եվրասիական ինտեգրացիայի հեռանկարների հետ, որտեղ կարևոր է լինելու Հայաստանի դիրքորոշումը:

Աղբյուր՝ 1in.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*