Պուտինը վիրավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բնորոշել է որպես «խիզախ» առաջնորդ և կոչ է արել աջակցել Փաշինյանին ու նրա թիմին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրերը իրականացնելու գործում։

Պուտինի այս բնորոշումն իսկական խանդավառություն է առաջացրել հիմնականում հակառուսական ու հակապուտինյան զանգվածից կազմված Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շրջանում։ Մոտավորապես այնպիսի ոգևորություն, ինչպիսին ապրել էր այս իշխանությունների ինտեգրալ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, երբ Պուտինը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ։

Հիմա իմքայլականները Նիկոլ Փաշինյանի պուտինյան «պորտֆոլիոյում» ունեն միանգամից երկու բնորոշում՝ չդավաճան և խիզախ, ասել է թե՝ խիզախ չդավաճան։ Սա լրջագույն քաղաքական կապիտալ է հիմնականում հակառուսական ու հակապուտինյան զանգվածից կազմված իշխանության համար։ Իսկ եթե դրան գումարենք նաև Փաշինյանին ու նրա թիմին աջակցելու մասին Պուտինի հորդորը, ապա իմքայլականները կարող են հայտնվել իսկական տրանսի մեջ ու խնջույք կազմակերպել իրենց ղեկավարի անձնական հովանու ներքո գտնվող տրանսների մասնակցությամբ։

Խանդաղատանքի ու հիացմունքի այս հրավառության մեջ իմքայլականները չեն մտածել ու չեն հասկացել, որ իրականում Վլադիմիր Պուտինը «խիզախ» բնորոշմամբ ոչ թե գովերգել, այլ վիրավորել է իրենց առաջնորդին։ Չեն մտածել ու չեն հասկացել, որովհետև դա անելու համար ոտքերը բավական չեն։

Մինչդեռ Պուտինի ասածը պարզ վիրավորանք է, որովհետև երբ «խիզախ» բնորոշմամբ խոսում են թշնամու առաջ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարի մասին՝ հասկացնում են, որ նրա խիզախությունը բավարարել է ոչ թե սեփական ժողովրդին ու բանակին հաղթանակի տանելու, այսինքն՝ իր երկրի շահերը սպասարկելու, այլ թշնամու ու երրորդ երկրների շահերից բխող փաստաթուղթ ստորագրելու համար։ Դրա համար իսկապես խիզախություն է պահանջվում, քանի որ միայն խիզախ ղեկավարը կարող է մեկ ստորագրությամբ հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք հանձնել թշնամուն, իսկ երրորդ երկրներին հնարավորություն տալ բազավորվել սեփական տարածքում։

Ինչ վերաբերում է Փաշինյանին ու նրա թիմին աջակցելու Պուտինի կոչին, ապա ամեն ինչ շատ պարզ է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից է բխում, որպեսզի նոյեմբերի 9-ի համաձայնագիրն իրականացվի մինչև վերջին ստորակետը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է աջակցել «խիզախ» առաջնորդին։

Իսկ քանի դեռ այդ համաձայնագիրը չի իրագործվել մինչև վերջին ստորակետը, Պուտինը շարունակելու է բնորոշումներ շռայլել Նիկոլ Փաշինյանին։ Հաջորդ առիթով ՌԴ նախագահը նրան կարող է անվանել «ուշիմ», մեկ այլ դեպքում՝ «խոստումնալից», հնարավոր է՝ նաև «հեզ», իսկ գուցե անգամ՝ «իմաստուն»։

Այնպես որ,  հիմնականում հակառուսական ու հակապուտինյան զանգվածից բաղկացած Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն առաջիկայում կարող են հրճվանքի նոր պահեր ապրել։ Որովհետև նրանք, ամենայն հավանականությամբ, չեն լսել նույն միջոցառման ժամանակ Պուտինի արած մեկ այլ արտահայտությունն այն մասին, որ գունավոր հեղափոխությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք։

Նրանք  չեն  լսել ու չեն մտածել։ Չեն մտածել ու Պուտինի երկու արտահայտություններն իրար հետ չեն կապել, չեն կապել ու չեն եզրակացրել, որ գունավոր հեղափոխությունների ստեղծած դժոխքի ճանապարհով անցնելու են հատկապես ու հաստատապես «չդավաճան» ու «խիզախ» առաջնորդները։

Աղբյուր՝ 168.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*