Ի՞նչ է հայտնի Տոնոյանին, Ցոլակյանին ու Բաթոյանին փոխարինած նախարարների մասին

Արդեն հստակ է` ովքեր են փոխարինելու Դավիթ Տոնոյանին, Ֆելիքս Ցոլակյանին ու Զարուհի Բաթոյանին։ Իսկ ի՞նչ ուղի են անցել նրանք։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն այսօրվանից կստանձնի Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ծնվել է Ախալքալաքում, 64 տարեկան է։ 1978 թ–ին ավարտել է Ս. Կիրովի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանը, 1991 թ-ին` Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Լենինգրադ), 1998թ-ին` Գլխավոր շտաբի ակադեմիան (Մոսկվա)։ ՀՀ պաշտպանության նախարար է եղել նաև 1999-2000 թվականներին։ Այնուհետև զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ 2002 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկել է նրան գեներալ–լեյտենանտի կոչումից։ 2019 թվականին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով նրա կոչումը վերականգնվել է։ 2020 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։

Վաղարշակ Հարությունյան

Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը 54 տարեկան է։ Հայկական բանակի կազմավորումից հետո անցել է ծառայության որպես սպա։ Եղել է առանձին գումարտակի հետախուզական դասակի հրամանատար, հետախուզության պետ, այնուհետև գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, գնդի շտաբի պետ, բրիգադի հրամանատարի տեղակալ։ Մոսկվայի համազորային ակադեմիան գերազանց գնահատականներով ավարտելուց հետո նշանակվել է գնդի հրամանատար, այնուհետև բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, իսկ հետո` 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարը։

Անդրանիկ Փիլոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, 36–ամյա Մեսրոպ Առաքելյանը սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, տնտեսագիտության թեկնածու է։ 2008թ–ին Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայում «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» թեմայով դասընթացներ է անցել։

2004-13 թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկում», 2013-ից աշխատել է «Արդշինինվեստբանկում»` որպես ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ և վարկային ռիսկի կառավարման վարչության պետ։ Ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում: 2008թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Մեսրոպ Առաքելյան

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*