ԵՊՀ գիտխորհուրդը հայտարարություն է տարածել. պահանջում է վարչապետի եւ Կառավարության հրաժարականը

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջում է վարչապետի եւ Կառավարության հրաժարակը:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով, մեր պետականության և ազգի համար ճակատագրական այս պահին հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս իշխանություններին և հասարակությանն ուղղված կոչ-հայտարարությամբ.

  • 1994 թ. Ադրբեջանի հանդեպ Հայկական զինված ուժերի արձանագրած հաղթանակը ճանապարհ բացեց արցախահայության ինքնորոշման արդար իրավունքի համար: Սակայն այդ հաղթանակը մեր հասարակության մեջ առաջացրեց անպարտելիության զգացում՝ երբեմն պատճառ դառնալով իրատեսության դիրքերից նահանջի: Հայաստանում լիարժեք և ամբողջական չիրականացվեցին պատերազմի մեջ գտնվող պետության համար անհրաժեշտ գործողություններ. տնտեսության, գիտության, կրթության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում չգրանցվեցին ցանկալի արդյունքներ: Այս ամենի հետևանքները առավել ցայտուն դրսևորվեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։
  • Վերջին տարիներին պետական կառավարման պատասխանատու ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների ընդգրկումը, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անթույլատրելի և երբեմն անդառնալի հետևանքների պատճառ դարձան։
  • Նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրեց խոր ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ, իսկ դրա հետևանքով օրըստօրե խորացող անջրպետները և երկպառակությունները կարող են կործանարար լինել պատերազմի արհավիրքի հետ բախված մեր պետականության համար, մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի։
  • Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև է՛լ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։

Այս ամենի հետևանքով մեր պետականության ճակատագիրը և ապագան էականորեն վտանգված են, ուստի Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է.

  • Վարչապետի և Կառավարության հրաժարականը:
  • Ազգային համաձայնության ժամանակավոր Կառավարության կազմավորում՝ բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ Կառավարության խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում և հայկական շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացում, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպում:

Դիմում ենք նաև Ազգային ժողովի պատգամավորներին և հորդորում հավատարիմ լինել բացառապես պետականության համար գերակայություն ներկայացնող շահերին, անել հնարավորը երկիրը ցնցումներից զերծ պահելու համար:

Միևնույն ժամանակ կոչով դիմում ենք հանրությանը համախմբվել պետականության գաղափարի շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։

Այս վճռորոշ և ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ և կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի և Արցախի»։ 

Ըստ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառման՝ ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն, որով պահանջում է վարչապետի և Կառավարության հրաժարականը:

Աղբյուր

1 Kомментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*