Մարտակերտի՝ Ադրբեջանին հանձնվող 6 գյուղերում ներկայումս տարհանման աշխատանքներ են ընթանում. վերջնաժամկետն այսօր է

Մարտակերտի շրջանի այն գյուղերում, որոնք, համաձայն հայտնի փաստաթղթի, պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայումս իրականացվում են լայնածավալ տարհանման ու գույքի դուրս բերման աշխատանքներ: Հիշեցնենք՝ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը եւս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած զինադադարի մասին հայտարարության դրույթների։

Նշված գյուղերի հանձման մասին պաշտոնապես հայտարարվեց երեկ: Բնակավայրերը տարհանելու վերջնաժամկետ է սահմանվել այսօր՝ ժամը 23:00-ն:

ՀԺ-ի հետ զրույցում Մարտակերտի նշված գյուղերի վարչական ղեկավար Հայկ Բախշյանը հայտնեց, որ փորձում են անել հնարավորը, որ կարողանան հասցնել ժամկետների մեջ, իսկ կհասցնեն, թե ոչ, պարզ չէ, աշխատանքը շատ է, ժամանակը՝ քիչ. «Հիմա մարդկանց տեղահանումն ենք կազմակերպում, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներով տանում Մարտակերտ: Մեզ 2 օր ժամանակ էին տվել, ինչքան հնարավոր է, անում ենք»,- ասաց Հայկ Բախշյանը՝ նշելով, որ նշված գյուղերի բնակիչները տեղափոխվում են հիմնականում Մարտակերտ. «Դրանից հետո արդեն կհասկանանք՝ Մարտակերտում, գյուղերում, թե որտեղ կտեղավորենք մարդկանց»:

Շրջկենտրոնի ղեկավարի խոսքով՝ մինչ պատերազմը նշված գյուղերում ապրում էր մոտ 2000 բնակիչ, պատերազմի ժամանակ գյուղերը դատարկվել էին. «Պատերազմը, որ սկսվեց, մեծահասակները, կանայք ու երեխաները տարհանվեցին, հիմնականում մնացին տղամարդիկ, հիմա էլ տները քանդում են, գույքը՝ դուրս բերում»:

Տարհանման ու տեղափոխման ընթացքում խնդիր է առաջանում բեռնատար մեքենաների պակասի պատճառով. «Ամեն տեղ դիմել ենք, ուզում ենք հնարավորինս հասցնել, վերջնաժամկետը այսօր՝ ժամը 23:00-ն է, պետք է ամեն ինչ անենք, որ հասցնենք»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*