Ղարաբաղի հարցով Պուտին-Էրդողան քննարկումները, ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնն ու միջազգային անդրադարձը

Աշխարհի տարբեր կետերում շարունակում են ուշադրությամբ հետեւել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակչության ողբերգությանը, Հայաստանի ներքաղաքական առօրյային ու ծավալվող իրադարձություններին, Ադրբեջանի տոնախմբություններին ու ռուսական կողմի քայլերին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները, ասուլիսը, այնուհետ Ազգային ժողովի շենքում ունեցած ելույթն ու հարց ու պատասխանը, միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում էր ողջ օրվա ընթացքում:

Ղարաբաղյան հակամարտության առկա հանգուցալուծումն ակտիվորեն քննարկում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում, ինչպես մասնավոր, այնպես էլ քաղաքական խոսակցություններում:

Ռուսաստանի Դաշնությունը եւս շարունակում է խորհրդակցությունների ու իրականացվող քայլերի շարքը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, մանրամասնորեն քննարկել են ԼեռնայինՂարաբաղում առկա իրավիճակն ու դրա շուրջ զարգացումները: Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտնելով այս մասին, նշել է.

«Կայացել է ՌԴ նախագահի եւ նրա ֆրանսիացի կոլեգայի հեռախոսային խոսակցությունը: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացումը քննարկվել է ՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը»:

Համաձայն հաղորդագրության, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել արյունահեղությունը եւ խուսափել նոր զոհերից, տեղեկացրել է նաեւ  շփման գծի եւ Լաչինի միջանցքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին: Պուտինը փոխանցել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կատարվում է, իրավիճակն ամբողջ տարածաշրջանում կայունացել է:

«Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետագա աշխատանքը շարունակելու եւ համակարգելու պատրաստակամության մասին, նախագահները կարեւորել են հումանիտար հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ փախստականների վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, բնակչության համար բնականոն կյանքի պայմանների ապահովում, ենթակառուցվածքների վերականգնում, քրիստոնեական եկեղեցիների եւ վանքերի պահպանում»,- ասված է նախագահների հեռախոսազրույցին հաջորդած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այդ կապակցությամբ Պուտինը հայտարարել է Ղարաբաղում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոն ստեղծելու մասին:

Միաժամանակ, չեն դադարում խոսակցությունները նաեւ ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ կենտրոնի աշխատանքների կազմակերպման մասին: Թեեւ ռուսական կողմը արդեն քանիցս պետական մակարդակով հերքել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ միասին թուրք զինծառայողների տեղակայման մասին պաշտոնական Ակարայի հայտարարությունները, այնուամենայնիվ, թուրքական կողմից հասնող լուրերը դարձյալ տարընթերցումների տեղիք են տալիս:

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ Ադրբեջան ուղարկելու մասին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագիրը երկուշաբթի օրն ուղարկվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քննարկմանը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Թուրքական լրատվամիջոցներում դեռեւս տեղեկատվություններ  չկան այն մասին, թե երբ կարող են թուրք խորհրդարանականները քվեարկել այս հարցի շուրջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է դեռ սեպտեմբերի 11-ին ՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի տեսակոնֆերանսով վարված  բանակցությունների արդյունքում:

Հիշեցնենք, ըստ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պարզաբանման, ռուս-թուրքական համատեղ կենտրոնը չի լինելու Ղարաբաղի տարածքում, այն գործելու է Ադրբեջանի տարածքում՝ հակամարտ գոտուց բավական հեռու եւ տեղակայման հստակ կետով, չի լինելու շարժական:

Հեռախոսային խոսակցություններ են ունեցել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ Ջեյհուն Բայրամովը՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի մասին հարցեր: Թե կոնկրետ ինչ քննարկումների մասին է խոսքը, չի հստակեցվում:

Ղարաբաղում առկա այժմյան իրավիճակին անդրադարձ է կատարել  New York Times-ը՝ ներկայացնելով այս օրերին Արցախի տարածքից ու սեփական տներից հեռացող բնակիչներին, որոնց մի մասը դուրս գալիս այրում է իր տունը, ոմանք էլ՝ չեն կարողանում դիմել այդ քայլին ու թողնում են անգամ բանջարանոցի ու այգու բերքը, որ հավաքել են նախքան պատերազմի մեկնարկը: Ներկայացնելով պատերազմի արդյունքները, լրատվամիջոցը գրում է, որ «Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից հետո հաղթողներն ու պարտվողները տեղերով փոխվեցին»:

National interest-ն էլ գրում է, որ Միացյալ նահանգներում այնքան էին տարված ԱՄՆ-ի նախագահական ընտրություններով, որ մոռացության էին մատնել կարեւոր հակամարտությունը: հոդվածում հարց է բարձրացվում այն մասին, որ ամերիկյան իշխանությունները մտածելու տեղիք ունեն այն մասին, թե  ինչու խախտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:

«Պետք է պատասխան ստանա հարցն այն մասին, թե ՌԴ նախագահն ուղղակի այս առիթն օգտագործեց տարածաշրջան ռուսական զորք մտցնելու եւ այն գրավելո՞ւ համար, թե՞ վաղուց ուներ նպատակներ եւ ընդամենը Մինսկի խմբի ձեւաչափում փորձում էր շեղել կամ մոլորեցնել ԱՄՆ-ին:

National interest-ը եւս երկու հարց է բարձրացնում՝ դրանց պատասխանները ակնկալելով ԱՄՆ-ի վարչակազմից: Հարցերից մեկը ՌԴ նախագահ Պուտինի եւ Թուքրիայի նախագահ Էրդողանի՝ հնարավոր կուլիսային պայմանավորվածությունների մասին է: ըստ պարբերականի, բանն այն է,  որ երկու առաջնորդները նախ առանձնազրույ են ունեցել՝ քննարկելով հայտնի խաղաղության համաձայնագիրը, հետո նոր  այն ներկայացրել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ որպես իրողություն: Լրատվամիջոցը հավելում է, որ տպավորություն է ստեղծվել, թե  Պուտինը կարծես երես թեքեց Հայաստանից: Եվս մեկ հարց, որի պատասխանն ակնկալվում է ԱՄՆ-ի իշխանություններից, ըստ լրատվամիջոցի, այն է, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել պատերազմի բռնկումից:

Վերջում հավելենք, որ ռուսական մամուլի էջերում կարճ լուրեր հայտնվեցին այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հետ այցելել է Ջաբրայիլ եւ Ֆիզուլի: Լուրը, սակայն, ի հակառակ ադրբեջանցիների սպասումների, չէր ուղեկցվում լուսանկարներով կամ տեսանյութերով, ինչը կասկածի տակ է դնում տեղեկատվության իսկությունը, հատկապես, երբ այդ շրջաններում պետք է այժմ աշխատելիս լինեն ԿԽՄԿ-ն ու ռուս խաղաղապահները:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*