Նիկոլ Փաշինյանը՝ Շուշին հանձնելու խոսակցությունների մասին

Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջին վայրկյանը հերոսական կռիվ է տվել, սակայն հայկական կողմը Շուշին կորցրել է, որովհետև հակառակորդի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել քաղաք: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շուշին հանձնելու մասին խոսակցություններին:    

«Շատ են ասում, որ Շուշին հանձնվել է: Կարդացի Արցախի նախագահի գրառումն այն մասին, որ աշխատանքների արդյունքում Շուշիի մատույցներից 100-ից ավելի մարմիններ են դուրս բերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ դեպքում զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել: Ավելին ասեմ ձեզ, կային հայտարարություններ, թե կան կոնկրետ տվյալներ, անուններ, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին, փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը: Որքան տեղյակ եմ հեղինակը խուսափել է պատասխանել: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ կա դավաճանություն, ունի տեղեկություն և հետո իրավապահներին հրաժարվում է կոնկրետ տեղեկություն տալ, ստացվում է մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկն ասում է, որ չի վստահում իրավապահներին, թող հրապարակային հայտարարի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Իրականում տեղի է ունեցել այն, ինչ պաշտոնապես հայտարարվել է, ցավոք, դիվերսիոն խմբերով եղավ ներթափանցում քաղաք, և մենք կորցրեցինք Շուշին»,-նշեց ՀՀ վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նախկինում պատերազմի մասին իր տված հարցազրույցներում ընդգծած մի նրբության վրա: Երբ մի որևէ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Արդբեջանի համար: 

«Շատ կարևոր է հասկանալ, թե կարող էինք խուսափել պատերազմից, այո, եթե համաձայնվեինք Ադբեջանին հանձնել 7 շրջաններ ներառյալ Շուշին, բայց արդյո՞ք դա էր այն քաղաքականությունը, որ ուզում էինք վարել, ոչ, դա չէր: Արցախի Պաշտպանության բանակը ՀՀ կառավարությունը, մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը:

Ցավոք, դա չբերեց ցանկալի արդյունքների: Շատ գործիչներ առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար մեղադրում են դավաճանության մեջ: Այստեղ պետք է հասկանալ մի բան. շուտի և ուշի տարբերությունն, ըստ էության, բովանդակային չկար: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, համենայն դեպս սկզբնական շրջանում: Արցախի իշխանությունները, ՊԲ-ն գնացել են այս ճանապարհով, քանի դեռ կար հնարավորություն պաշտպանել, կռիվ տալ մինչև վերջ: Նրանք մինչև վերջին վայրկյանը կռիվ են տվել հերոսաբար: Ցավոք, խնդիրը չլուծվեց: Այո, մենք ենք պատասխանատուն, որ երկու տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել այն, որ տասնյակ տարիներ չի լրացվել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*