ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Գործարարը դիմել է Վարչական դատարան Երեւանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում, պետական սեփականություն հանդիսացող հողամասում, Սամվել Ալեքսանյանն իրականացրել է ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի համար էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։

Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել քայլեր՝ ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկել:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ այդ ապօրինի կառուցված շենք-շինությունները եւ պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։

Այսպիսով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։

Ինչպես նաեւ հանձնարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել այդ ինքնակամ կառուցված շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*