ՀՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՆԵՐԿԱՆԵՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵՆ

«Թեժ աշնան» դերակատարներից է նաեւ «Սասնա ծռեր»-ը, որը 2016 թվականից ի վեր առաջին անգամ մայրաքաղաքում բողոքի հավաք-երթ է անելու՝ ընդդեմ գործող իշխանության։ Մինչեւ առնվազն այս տարեսկիզբ Նիկոլ Փաշինյանին աջակցող  «Սասնա ծռեր»-ի անդամներն այլեւս իրենց ֆեյսբուքյան հրապարակումներում գործող իշխանության մասին գրություններում սկսել են օգտագործել  «ենիչերիներ» բառը,  իսկ միտինգի հրավիրող հայտարարությունում  ասված է․ «․․․հեղափոխությանը դավաճանած Նիկոլ Փաշինյանից ու նրա վարչախմբից պահանջելով վերջ տալ երկերսանի խաղին եւ հրաժարվել «Սասնա ծռերի» դեմ Սերժ Սարգսյանի հրամանով հորինված կեղծ մեղադրանքներից»։ «Ծռերը» հայտարարում են նաեւ, որ ժողովրդի ուժով եւ վստահությամբ պետական կառավարումն ստանձնելուց անմիջապես հետո նրանք սկսեցին գործել հեղափոխությանը հակառակ։ «Ապստամբ ռազմագերիները դեռ ամիսներ մնացին բանտում, ապա, միայն կալանքից ազատվելով, շարունակեցին ամբաստանվել ու դատվել։ Իսկ նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, մինչ օրս ռազմագերի են եւ գտնվում են բանտում։ Անցած 2 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը քաշքշեցին ապստամբներին ազատ արձակելու հարցը եւ խաբեցին ժողովրդին՝ այդ թվում նախկինների նման փորձելով ապստամբներին ներկայացնել որպես հանցագործներ։ Այսօր արդեն ակնհայտ է, որ կոմեդիան ավարտված է։ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը նախորդների իրավահաջորդն է՝ նրանց տրամաբանական շարունակությունը եւ 8,5-ից մինչեւ ցմահ ազատազրկում է պահանջում ապստամբների համար։ «Ազատություն ապստամբներին» նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել հավաք-երթին, որի պահանջն է՝ ազատ արձակել ռազմագերիներ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին եւ դադարեցնել «Սասնա ծռերի» ապօրինի դատավարությունը»։

 «Հրապարակի» հարցազրույցը կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանի հետ

— Պարոն Ավետիսյան, հավաքի օրակարգում լինելո՞ւ են հրաժարականի պահանջ, ելույթներ՝ Ձեր, Սեֆիլյանի։ 

— Օգոստոսի 24-ի մեր խորհրդաժողովի ժամանակ, քաղաքական զեկուցմամբ, որը ներկայացրել է պարոն Պապյանը, մեր տեսակետն այդ մասին արտահայտել ենք։ Մեր համոզմամբ՝ տեղի է ունենալու փլուզում, կառավարող ուժն անկում է ապրելու, պետք է պատրաստ լինել այդ ժամանակ արդեն՝ երկիրն ամբողջապես խորացած ճգնաժամից դուրս բերելուն։ 

— Ինչպե՞ս է դա արտահայտվելու։

— Արդյունավետ կառավարում չի լինելու, դա կարող է արտահայտվել տարբեր ձեւերով։

— Բայց դրանից առաջ չպե՞տք է լինի հրաժարական։

— Դա՝ դասական իրավիճակներում, երբ կա սովորական վիճակ, եւ դժգոհ է ժողովուրդը կառավարիչներից, պահանջում է, որ նրանք հրաժարվեն, հերթական կամ արտահերթ ընտրություններ լինեն։ Մեր դեպքում այդ վիճակը չէ, մենք անցումային փուլը բաց թողեցինք կառավարող ուժի հանցավոր դիտավորության եւ, միեւնույն ժամանակ, անմեղսունակության ու ապիկարության հետեւանքով, ի դեպ, այս երկուսը իրենք  շատ վարպետորեն համադրում են, հարցը չի լուծվել։ Մենք կարիք ունենք անցումային կառավարմամբ ու անցումային ժողովրդավարությամբ ու  հակաճգնաժամային քայլերով այս վիճակից դուրս գալու եւ կայուն ափ հասնելու։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Սովորական ընթացքով, այս ոչ լեգիտիմ սահմանադրության, կեղծիքների համար ստեղծված Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» փտած օրենքի միջոցով եւ պետությունը զավթած ուժերին ընտրություններին մասնակից դարձնելով՝ սա այլեւս անիմաստ զբաղմունք է դառնալու։

— Նախկինում, կրկին վերապահումներով, բայց պաշտպանում էիք իշխանություններին՝ այն մտայնությամբ, որ հները չվերադառնան, ռեւանշի չհասնեն։ Հիմա այդ նույն մտավախությունը չունե՞ք։

— Այո, հիմա տեսնում ենք, որ կառավարող ուժն ինքն է ռեւանշի մասնակից։ Ռեւանշը սողացող տարբերակով է տեղի ունենում, ինչին մենք հենց հիմա ականատես ենք։ Եվ կառավարող ուժը դրա մասնակիցն է, նպաստում է դրան, ինչ-որ առումով՝ խրախուսում, իր գիտակցված ու չգիտակցված քայլերով։ Այնպես որ, այսօրվա կառավարիչներն արդեն համակարգային իմաստով միասնացած են նախկինների հետ։ Դրանք նույնն են, եւ համակարգը պետք է փոխվի, սրանք էլ՝ հետը։ Այսինքն՝ նախկիններն ու ներկաները միասին։

— Իսկ այս քրեական գործերը, անվերջանալի դատավարությունները,  ասֆալտին փռելը, կապիտալի վերաբաշխումը, իրենք ասում են՝ քրեական հետապնդում, այս ամենը, ուրեմն, ի՞նչ է։ 

— Սրանք ներհամակարգային գզվռտոցներ են, ինչը ոչինչ չի տալու մեր պետությանն ու ժողովրդին։ Հակառակը, ավելի է խորացնելու ճգնաժամը։ Նպատակը համակարգը փոխելն է։ Իսկ իրենք մեկը մյուսի հետ կռվում են իրենց ամբիցիաներին ծառայելու, իրենց ախորժակների, օտարին ծառայելու համար։

— Որպես հնարավոր համագործակցության հարթակ՝ ո՞ր քաղաքական ուժերին եք դիտարկում, արդյոք միայն «Ազգային ժողովրդավարական բեւեռի՞ն»։

— «Բեւեռը» բաց հարթակ է,  եւ ովքեր կընդունեն «Բեւեռի» հռչակագրի նպատակները եւ «ճանապարհային քարտեզը», կարող են միանալ եւ միացածների հետ միասին միասնաբար հռչակագիրն իրականացնելու գործը շարունակել։ Միեւնույն ժամանակ, «Ազգային ժողովրդավարական բեւեռը» հնարավոր է համարում ավելի լայն հարթակներում միավորվելը՝ հակաճգնաժամային տրամաբանությամբ։ Եվ, ըստ այդմ, այս 2 տրամաչափերի շրջանակում մենք պատրաստ ենք համագործակցության։

— Իսկ Փաշինյանի թիմից, օրինակ, կա՞ն անհատներ, որոնք եթե քաղաքական անհամաձայնություն հայտնեն կամ արդեն իսկ հեռացել են, որոնց հետ կհամագործակցեք, եթե ցանկանան։

— Եթե օդիոզ կենսագրություն չունեն եւ ընդունում են մեր մոտեցումները, ի՞նչ խնդիր կա։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*