Գագիկ Ծառուկյանը ջերմություն ունի, պահպանողական բուժում է ստանում. պաշտպան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք դատական նիստին չի ներկայանալու՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

«Մենք՝ փաստաբաններս, պատրաստակամ ենք, որպեսզի դատական նիստն ընթանա. արդեն դատարանը կորոշի։ Ծառուկյանն առաջին ատյանի դատարանում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել, իր դիրքորոշումն է հայտնել միջնորդության վերաբերյալ, իր ելույթն է ունեցել»,-  ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է Ծառուկյանի առողջական վիճակը, Խաչատրյանն ասաց. «Մի քիչ ջերմություն ունի, պահպանողական բուժում է ստանում, ամեն դեպքում նորմալ է»։

Անդրադառնալով Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի առողջական վիճակին՝ ասաց. «Որդու մոտ արդեն դեպի կարգավորում է գնում»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ դատական նիստը հետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ Ծառուկյանը առողջանա, պաշտպանն ասաց. «Մենք բժշկական փաստաթղթերը ներկայացնելու ենք դատարանին, որպեսզի դատարանը հարգելի համարի պարոն Ծառուկյանի չներկայանալը։ Ամեն դեպքում այդ բողոքները քննության ենթակա են»։

Լրագրողի դիտարկմանը, որ փաստաբանները նույնպես շփվել են Ծառուկյանի հետ, եւ հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձնել, Խաչատրյանն ասաց, որ վաղը պատրաստվում է թեստավորվել. «Ես ամսի 21-ից սկսած սերտ կոնտակտային շփում չեմ ունեցել։ Ես վաղը պատրաստվում եմ թեստավորվել, եթե պարզվի, որ վարակված եմ, ապա ես նույնպես չեմ ներկայանա նիստին։ Այս պահին ես որեւէ գանգատ չունեմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները մակագրվել են դատավոր Մխիթար Պապոյանին։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*