ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Ալիևի ելույթի մասին

Ստորև ներկայացնենք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթի վերաբերյալ:

Մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանի նախագահի՝ N զորամասի բացմանն ունեցած ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք:

Ակնհայտ է, որ մեկ ընտանիքի կողմից մի քանի տասնամյակ ձգվող իշխանությունը, որը պատմության մեջ կմնա կոռուպցիայի գլոբալ ինդեքսներում Ադրբեջանին առաջատար դիրքերի ապահովմամբ, տխրահռչակ լանդրոմատով, սեփական ժողովրդին խոսքի և այլ ազատությունների ճնշմամբ, բոլոր հիմքերն ունի կանխակալ վերաբերմունք ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:

Կարծում ենք, որ հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ոչ թե դասարակագային ատելություն ցուցաբերի ժողովրդավարական գործընթացների արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ, այլ առնվազն ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը նույնպես արժանի է ժողովրդավարության:

Վստահ ենք, որ ժողովուրդներին կարող են հաշտեցնել և տարածաշրջանային խաղաղության և կայունությանը նպաստ բերել ոչ թե իշխանությունը ժառանգած, այլ ժողովրդի կողմից կազմավորված և ժողովրդի առջև հաշվետու իշխանությունները»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*