Առաջարկվում է ԱԺ-ի կողմից ընտրովի մարմինների անդամների ընտրությունը քննարկել նաև արտահերթ նիստում

Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է այն մարմիններում, որոնց անդամներին ընտրում է ԱԺ-ն, ընտրությունը կազմակերպել նաեւ արտահերթ նիստի միջոցով։

Ըստ Հովակիմյանի՝ այժմ կան մի քանի խնդիրներ պաշտոնների նշանակման հետ կապված։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը երկու բովանդակային փոփոխություն է նախատեսում, իսկ մնացածը բխում է այդ փոփոխություններից։ Դրանցից մեկով փոփոխվում է թեկնածուների առաջադրման գործընթացը, մյուսով կարգավորվում է ընտրության, նշանակման հարցը։

Արտահերթ նիստով ընտրությունն անցկացնելու հետ կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անհամաձայնություն հայտնեց։ Ի սկզբանե տպավորություն էր ստեղծվել, թե նախագիծը վերաբերում է միայն Սահմանադրական դատարանի անդամներին։ Եվ նա նկատեց, որ խորհրդարանն ամեն ամիս նիստեր է անցկացնում, բացի հուլիս եւ օգոստոս ամիսներից, եւ հետեւաբար ինչո՞ւ է առաջարկվում արտահերթով նույնպես ընտրություն իրկանացնել։

Հովակիմյանը պարզաբանեց, որ հնարավոր է մի իրավիճակ, որ մարմնում, որտեղ պաշտոնի նշանակում անում է ԱԺ-ն, բոլոր անդամները հրաժարական տան, ուստի կա մի տեխնիկական խնդիր, որը հնարավորություն չի տալիս խորհրդարանին ժամանակին համալրել թափուր տեղերը։

Մելքումյանն էլ արձագանքեց, որ այդ դեպքում ինչո՞ւ չի բերվում նմանատիպ օրինագիծ նաեւ մյուս մարմինների համար, որոնք ձեւավորում է Ազգային ժողովը։ Դրանցից, օրինակ, Կենտրոնական բանկի խորհուրդը, Հանրային ծառայությունների հանձնաժողովը եւ այլն։

Հովակիմյանն էլ պատասխանեց, որ հենց այդպես էլ արել են։ «Այս կարգավորումը հենց ձեր ասածով է, տարածվում է բոլոր մարմինների վրա։ Ձեր ասածն ենք արել»,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ այս պահանջը կատարելուց հետո պետք է, որ Մելքումյանը կողմ քվեարկի։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*