Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում կա կալանավորված անձ: Factor.am-ին թեմայի շուրջ որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Լրատվականի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորվածը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանն է:
Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Վարչապետի այս հայտարարությունից հետո ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունն այս գործի մասին մինչ օրս պաշտոնապես որևէ տեղեկատվություն չեն հրապարակել։ Մեր բազմաթիվ հարցումներին ի պատասխան, այս երկու կառույցներից փոխանցել են, որ անվտանգության նկատառումներով պայմանավորված, քրգործի հետ կապված մանրամասներ չեն կարող տրամադրել: Մինչդեռ գնդապետ Վահան Ավետիսյանը, որը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, կալանավորվել է դեռ փետրվարի 29-ից՝ վարչապետի հայտարարությունից 10 օր առաջ: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Factor.am-ին փոխանցել է, որ Ավետիսյանը զորացրված է: Մեզ հայտնի դարձավ, որ նա համակարգից հեռացվել է 2019 թվականի հունվարի 14-ին։
Հավելենք, որ Վահան Ավետիսյանը ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում: Ըստ Ավետիսյանի, վերջիններս խոչընդոտում են իր գործունեությունն ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում: Ավետիսյանը, ՊՆ-ից ազատվելուց հետո, որպես փորձագետ աշխատանքի էր անցել այս հանձնաժողովում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Оставить комментарий