Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Նախօրեին համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ երեւում էր, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող «Սոճուտ» դենդրոպարկի (հայտնի է Ստեփանավանի դենդրոպարկ) մուտքի մոտ հարյուրավոր քաղաքացիների կուտակումներ են եղել: Այդպիսով խախտվել էր պարետի ցուցումը, այն է՝ չէր պահպանվել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, մարդիկ հավաքվել էին մեծ խմբերով՝ առաջացնելով կուտակումներ:

«Սոճուտ» դենդրոպարկում ներկայումս փոշոտման շրջան է, ինչի հետ կապված ամեն օր, հատկապես հանգստյան օրերին, հազարավոր  քաղաքացիներ են այցելում այգի՝ Հայաստանի տարբեր վայրերից:

Այսօր վաղ առավոտից դենդրոպարկ են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի մեծ թվով ծառայողներ: Մինչեւ դենդրոպարկի մուտքը անցակետեր են, ստուգվում է, թե արդյո՞ք քաղաքացիներն ունեն ու կրում են անհրաժեշտ պաշտպանիչ դիմակներ, թե ոչ: Ուժեղացված ծառայության նպատակն է՝ սահմանափակել քաղաքացիների մուտքն ու առավել եւս կուտակումները՝ ըստ պարետի համապատասխան որոշման:

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները նաեւ տասնյակ արձանագրություններ են կազմել, մի դեպքում՝ վարորդների ու ուղեւորների՝ դիմակ չունենալու, մյուս դեպքում՝ տաքսու վարորդների կողքին ուղեւոր լինելու կետերով:

Մեքենաներում գտնվող ուղեւորները, ովքեր հիմնականում մի ընտանիքի անդամներ էին, դժգոհում էին թե պարետի որոշումից, թե ոստիկանների կազմած արձանագրություններից, ասում էին՝ մի տան մեջ են ապրում, սենյակում դիմակ չեն կրում, ինչու պետք է մեքենայում դիմակ դնեն:

Կոնկրետ դենդրոպարկ մեքենաներով հասնել արգելված է, նպատակը՝ մեքենաների ու քաղաքացիների կուտակումներ չառաջացնելն է:

Հատկանշական է, որ մինչ դենդրոպարկ հասնելը, ճանապարհի աջ եւ ձախ կողմերում հարյուրավոր քաղաքացիներ բացօթյա հանգիստ էին կազմակերպել բնության գրկում, դաշտամիջյան հատվածում, իրավապահներն էլ հետեւում էին նրանց՝ սոցիալական հեռավորություն պահելուն:

Քաղաքացիների մի մասը գոհ էր, մի մասը՝ դժգոհ: Դժգոհողներն ասում են, որ Երեւանից ու այլ հեռու տեղերից են  եկել, եւ ամեն գնով պետք է մտնեն այգի, իսկ եթե սահմանափակումներ կային, ապա նախապես հնարավոր բոլոր միջոցներով պետք է տեղեկացնեին քաղաքացիներին, որ իրենք էլ այսքան ճանապարհ չկտրեին: Շատերն էլ գոհ էին իրավապահների ծառայությունից, ասում էին՝ իրենց անվտանգության համար է:

Քաղաքացիների խոսքով՝ երեկվա ստեղծված իրավիճակը հիմնականում կապված է եղել այգի մուտք գործելու հետ, երբ եղել են բազմաթիվ քաղաքացիներ, մեկ տոմսավաճառ ու այգի տանող նեղ մուտք: Այսօր արդեն, ոչ այգու մոտակայքում, ոչ դարպասների դիմաց ու ոչ էլ այգու մեջ կուտակումներ չկային:

Իրավապահներից տեղեկացանք, որ սահմանափակումները չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ չկան դրանք հանելու մասին համապատասխան հանձնարարականներ:

ՀԺ-ի տեղեկություններով՝ երեկ դենդրոպարկում 10 հազարից ավելի քաղաքացի է եղել, որոնց մի մասն այդպես էլ չի կարողացել մտնել այգի:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*