«Մեծ երջանկություն զգացի, որ կարողացա իրականացնել նրա երազանքը». Արեւիկ Ալավերդյանը` դստեր անվան ընտրության եւ ամուսնու էմոցիաների մասին

Փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանն ու ամուսինը` Հայկ Շահբազյանը, երկրորդ երեխային են ունեցել: Այսօր Փարիզում լույս աշխարհ է եկել զույգի դուստրը, որին երջանիկ ծնողները Կարինե են անվանել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արեւիկը նշեց, որ ինքն ու փոքրիկը շատ լավ են զգում:

Նա նաեւ պատմել է, թե ինչպես է դստեր լույս աշխարհ գալուն արձագանքել ամուսինը եւ ում պատվին են անվանակոչել նրան:

Երգչուհին խոստովանում է, որ թեեւ իր եւ ամուսնու համար միեւնույն էր երեխայի սեռը, ինքը միշտ իրեն ավելի շատ տղա երեխայի մայրիկի դերում է պատկերացրել, հատկապես ավագ որդու` Դավիթի ծնունդից հետո.

«Քանի որ արդեն ունեմ որդի, չէի պատկերացնում ինձ աղջկա մայրիկի դերում, բայց որոշ ժամանակ անց, երբ իմացա, որ աղջիկ ենք ունենլու, կարծիքս փոխեցի: Միշտ եմ ինձ տղայի մայրիկի դերում պատկերացրել, նույնիսկ, ընկերուհիներս զարմանում էին, բայց ես հստակ ասում էի` առաջնեկս պիտի տղա լինի: Իսկ հետո ավելի շատ տրամադրվեցի ու հասկացա, որ Դավիթիս, իսկապես, քույր է պետք: Շատ շնորհակալ եմ Աստծուն նրա համար»,-ասում է նա ու շարունակում,-«Ես էլ, աղջիկս էլ մեզ լավ ենք զգում: Ճիշտ է` մի քիչ ժամանակից առաջ ընկավ` մոտ մեկ ամիս, նրան ավելի ուշ էինք սպասում, բայց շատ ուրախալի էր նրա հայտնվելը մեր կյանքում»:

Անդրադառնալով ամուսնու էմոցիաներին` Արեւիկն ասում է.

«Ճիշտն ասած` մտածում էի, որ երկրորդ անգամ ամուսնուս զգացողություններն այլ կլինեին, բայց ինչպես Դավիթի ժամանակ` հիմա էլ ունի այդ աննկարագրելի հուզմունքը: Խոսքերով չեմ կարող այն նկարագրել, դա մի ուրիշ երջանկություն էր: Ինքս էլ ուշքի չէի գալիս, չէի հավատում, բայց այս անգամ ինձ ավելի ինքնավստահ էի զգում»:

Իսկ, ահա, Դավիթը դեռ չի տեսել քույրիկին, բայց Արեւիկի խոսքով` նրա հանդեպ դրական է տրամադրված.

«Որդիս դեռ քույրիկին չի տեսել: Կորոնավիրուսի պատճառով այստեղ իրավիճակը խիստ է հիվանդանոցում, շատ այցելություններ թույլ չեն տրվում, նույնիսկ, ամուսինս շատ կարճ ժամանակ իրավունք ունի մնալ սենյակում: Ծննդաբերությանս ընթացքում նա իմ կողքին էր, ինչպես եւ մեր որդու ծնվելուց: Նա ինձ մեծ աջակցություն ցույց տվեց, որը բառերով չեմ կարող նկարագրել: Դավիթի ծնվելուց հետո ասում էի` ես եւ ամուսինս ենք նրան լույս աշխարհ բերել, հիմա էլ պատմությունը կրկնվեց (ծիծաղում է): Իսկ Դավիթը, կարծես, լավ է տրամադրված քույրիկի հանդեպ: Ինքն, առհասարակ, շատ խանդոտ է բնավորությամբ, բայց կարծում եմ` քույրիկի հանդեպ մեզ չի խանդի»:

Խոսելով դստեր անվան ընտրության մասին` Արեւիկը նշում է, որ ամուսնու` Հայկի երազանքն է եղել դստերն այդպես անվանել.

«Աղջկաս անվանել ենք ամուսնուս մայրիկի պատվին: Հայկը շատ փոքր տարիքում է կորցրել նրան ու երազում էր իր աղջկան կնքել մայրիկի անունով: Ես էլ մեծ երջանկություն զգացի, որ կարողացա իրականացնել նրա երազանքը: Այդպիսով, մեր դստերն անվանեցինք Կարինե»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*