Քոչարյանի կալանավորումն այլևս վերածվել է կյանքի և մահվան կռվի․ Արա Վարդանյան

Աննա Դանիբեկյանը՝ գերտերությունների պայքարի հայաստանյան գործիք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Մայիսի 13-ին դատավոր Դանիբեկյանն իրեն արդեն բնորոշ սառնասրտությամբ կարդաց Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդությունների վերաբերյալ որոշումը։ Իրականում ես կասկած չունեի, որ միջնորդությունները մերժվելու են, այդ պատճառով, մինչ այդ փաստի ֆիքսումը, խնդրանքով դիմել էի դատավորին գիտակցել իր քայլերի վտանգավորության աստիճանը և ի վերջո հասկանալ, որ այս իշխանության օրերը հաշված են», գրել է Արա Վարդանյանը։

Քաղաքագետի կարծիքով՝  դատավորին թվում է, թե «ապագայում այս նույն գործի շրջանակում հարցաքննվելիս նա ուղղակի սլաքները կուղղի Վարչապետի կամ իր մերձավորներից մեկի վրա և կխոստովանի, որ իրեն ստիպում էին նման որոշումներ ընդունել և կխուսափի պատասխանատվությունից»։ Իհարկե, գրել է Արա Վարդանյանը, այդպես կարող էր լիներ այն դեպքում, եթե «այս «ուզես չուզես, պետքա կալանքը տաս» գործընթացը լիներ սոսկ անձնական վենդետայի արդյունք։ Բայց դատավորը կարծես թե չի գիտակցում, որ իր ընդունած որոշումներով հայտնվել է մի քանի գերտերությունների հայաստանյան հարթակում տեղի ունեցող մենամարտի կիզակետում»։

Արա Վադանյանը համոզված է, որ «իրականում խոսքը ոչ թե անձնական վրեժխնդրության, այլ ամենաբարձր մակարդակով իրականացվող պետական դավաճանության մասին է, որի բոլոր մասնակիցները մոտ ապագայում կանգնելու են դատարանի առջև, բայց ոչ սովորական դատարանի, այլ զինվորական տրիբունալի։ Այդ ժամանակ ուրիշի վրա մեղք գցելը արդեն որևէ դեր չի խաղալու, քանզի դա դիտարկվելու է որպես պետության հանդեպ իրականացված դավադրության մի մաս, ընդ որում բավականին կարևոր մաս»։

Քաղաքագետի խոսքով՝ մեծ խաղն, ընդհանուր առմամբ, ունի երկու կողմ.

«Մեկը մեզ ստիպում է ներել թուրքերին, պատրաստվել խաղաղությանը, ադրբեջանցիների և արցախցիների համատեղ կեցությանը և իհարկե ավանդական ընտանիքի թեզի ամբողջական քայքայմանը։ Գերնպատակ է նաև Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր կապերի խզումը։ Այս ամենը մեզ դարձնելու է այսպես կոչված կովկասյան սեյմի անբաժանելի մաս և կազդարարի արևմուտքի հաղթանակը Կովկասում»։

Մյուս կողմը, շարունակում է Ա․Վարդանյանը, «մեզ կարծես թե բավականին կիրթ և հավասարակշռված ձևով հասկացնում է այս ողջ ընթացքի Հայաստանի համար կործանարար էֆեկտ ունենալու մասին. Դեռևս մոտ երկու տարի առաջ Ռուսաստանի ԱԳ նախարարը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները մեկ բան ասում են, մեկ այլ բան անում։ Անցավ ժամանակ, և նույն նախարարը բացեց որոշ փակագծեր. նա մասնավորապես բացահայտեց, որ ՀՀ իշխանությունը Արցախի հարցում բանակցում է փուլային տարբերակի շուրջ, հիշեցրեց նաև իրավապահների կողմից ռուսական որոշ ձեռնակությունների վրա շարունակվող հարձակումները և բացահայտորեն մեղադրեց ՀՀ իշխանությանը ոչ բարեխիղճ գործընկեր լինելու մեջ։

Նա կարծես հասկացնում էր հայ ժողովրդին, որ գերտերությունների պայքարը այլևս գաղտնի փուլում չէ և թևակոխել է բացահայտ պայքարի դաշտ»։

Քաղաքագետի խոսքով՝ այդ պայքարի մի մասն էլ հենց նախագահ Քոչարյանի և մյուսների դատավարությունն է։

«Նախագահ Քոչարյանի կալանավորումն այլևս վերածվել է կյանքի և մահվան կռվի։ Ակնհայտ է դառնում, որ ազատման որոշումը կազդարարի արևմուտքի պարտությունը այս պատերազմում: Այ հենց սա է ամեն գնով Նախագահին կալանավորված պահելու պատճառը։ Ի սկզբանե արևմտյան տեխնոլոգների կատարած հաշվարկները հօդս ցնդեցին, երբ Նախագահ Քոչարյանը չխուսափեց Հայաստան վերադառնալուց և կանգնեց արդարադատության առջև։ Հենց այդ օրվանից բոլոր հաշվարկները խառնվեցին և Նիկոլի տիրակալները ամենօրյա ռեժիմով սկսեցին նոր որոշումներ ընդունել՝ հարթելով իրենց ճանապարհը դեպի լիարժեք կայացած կովկասյան սեյմ։

Դե ինչ, տիկին Դանիբեկյան, այժմ հասկանու՞մ եք, թե ինչ խաղի կիզակետում եք հայտնվել։ Կարծում եմ, ժամանակն է սկսել ուսումնասիրել զինվորական տրիբունալի վերաբերյալ գրականությունը, այն Ձեզ հաստատ պետք կգա։

Եվ այո´, հայ ազգը այս փորձությունից միանշանակ հաղթանակած դուրս կգա, իսկ ազգի դավաճանները կկրեն արժանի պատիժ», գրել է Արա Վարդանյանը եւ հետգրություն թողել․

«Հ.Գ. Ցավում եմ որ դեռևս 1,5 տարի առաջ հնչեցված քաղաքական հաշվարկներս դառնում են բացահայտ իրականություն»։


Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*